July 20, 2026
Ferrari-ի առաջին էլեկտրական ավտոմեքենան
Վառելիքից կախվածության աստիճանական նվազումը ավտոմոբիլային արդյունաբերությանը մղում է դեպի այլընտրանքային տեխնոլոգիաների զարգացման։

Վառելիքից կախվածության աստիճանական նվազումը ավտոմոբիլային արդյունաբերությանը մղում է դեպի այլընտրանքային տեխնոլոգիաների զարգացման։
Նոր էլեկտրական ավտոմեքենաների ստեղծումն ու արդեն գոյություն ունեցող մոդելների կատարելագործումը դարձել են անխուսափելի։ Այս միտմանը միացել է նաև Ferrari-ն՝ ներկայացնելով ապրանքանիշի առաջին ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենան՝ Ferrari Luce-ը։
Սա Ferrari-ի պատմության առաջին հինգտեղանոց մոդելն է և միաժամանակ ապրանքանիշի ամենաերկար ավտոմեքենան։ Այն ունի 5 026 մմ երկարություն՝ չափերով գերազանցելով նույնիսկ Purosangue քրոսովերին։ Բացի այդ, Luce-ը ստացել է 597 լիտր տարողությամբ բեռնախցիկ, ինչը ևս Ferrari-ի համար ռեկորդային ցուցանիշ է։
Luce-ի արտաքին և ներքին դիզայնը մշակվել է LoveFrom ստուդիայի կողմից։ Հատուկ այս էլեկտրական մոդելի համար ստեղծված հարթակը մեքենային տվել է բոլորովին նոր արտաքին տեսք, որը զգալիորեն տարբերվում է Ferrari-ի մյուս մոդելներից։

Luce-ի նախագծման ընթացքում առաջնային նպատակներից մեկը եղել է աերոդինամիկան։ Ferrari-ի տվյալներով՝ այս մոդելն ունի ապրանքանիշի մինչ այժմ արտադրված բոլոր ճանապարհային ավտոմեքենաների մեջ ամենացածր օդային դիմադրության գործակիցը։
Luce-ը համալրված է չորս սինխրոն մշտական մագնիսներով էլեկտրաշարժիչներով, որոնց հիմնական հզորությունն ուղղված է հետևի առանցքին։ Առջևի երկու շարժիչները զարգացնում են 282 ձիաուժ, իսկ հետևի երկուսը՝ 831 ձիաուժ։ Համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 1 035 ձիաուժ, ինչը գերազանցում է Ferrari-ի բոլոր ոչ մրցարշավային մոդելների ցուցանիշները։
Չնայած 2 268 կգ քաշին՝ ավտոմեքենան 0-ից 100 կմ/ժ արագանում է ընդամենը 2,5 վայրկյանում, 200 կմ/ժ արագությանը հասնում է 6,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 310 կմ/ժ։
Luce-ն ապահովում է Ferrari-ից սպասվող արագությունն ու դինամիկան, սակայն ներքին այրման շարժիչի ձայնի արհեստական նմանակման փոխարեն այն համալրված է հատուկ մշակված ձայնային համակարգով, որը փոխանցում է էլեկտրական բաղադրիչների իրական մեխանիկական ձայները և դրանք փոխում է ընտրված վարելու ռեժիմին համապատասխան։
Մոդելը Եվրոպայում վաճառքի կհանվի այս տարվա վերջում, իսկ դրա մեկնարկային գինը կկազմի մոտ 550 000 եվրո։ ԱՄՆ շուկա Ferrari Luce-ը կհասնի միայն 2027 թվականի երկրորդ եռամսյակում, ուստի ամերիկյան շուկայի համար գինը դեռևս չի հայտարարվել։







